Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Աշխարհում դեռ չկա նրան հավասարը

Աշխարհում դեռ չկա նրան հավասարը
15.05.2012 | 00:00

Գուցե կատեգորիկ է հնչում վերնագրի հավաստումը, քանի դեռ չի կայացել բռնցքամարտի պատմության բոլոր ժամանակների մեծագույն մարզիկ ճանաչված, WBO վարկածով աշխարհի չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակեաոյի հետ նրա մենամարտը, սակայն այն, որ երեսունհինգամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերին առայսօր չի հաջողվել ծնկի բերել և ոչ մեկին, փաստ է: Կատակ բան չէ` Միգել Կոտտոյի հետ վերջին հանդիպումից հետո նրա մրցելույթների վիճակագրությունն արդեն այսպիսին է` քառասուներեք մարտ, նույնքան հաղթանակ, որից քսանվեցը` նոկաուտով, և սա այն դեպքում, որ նրան վառ ընդգծված պանչեր չես համարի:

Շատ ավելի ցնցող է տիտղոսային մարտերում նրա արձանագրած վիճակագրությունը` քսան անպարտ մենամարտ (տասը` նոկաուտով): Ասել է թե` աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո (այս հաջողությունը նա գրանցել է երեք քաշային կարգում) նրանից տասնյոթ անգամ փորձել են խլել առաջինի տիտղոսն ու նույնքան անգամ գլխիկոր հեռացել ռինգից:

Բնությունը Մեյվեզեր կրտսերի նկատմամբ չափազանց շռայլ է եղել: Նա աներևակայելիորեն արագ բռնցքամարտիկ է, անհավանականորեն ճկուն, ունի վտանգը կանխազգալու գերզարգացած զգացողություն, մրցակցին կարդալու ու նրա համար նույնքան անընթեռնելի մնալու ունակություն: Սակայն նրա անձի պարագայում պակաս հետաքրքրական չէ և այն, որ, ինչքան էլ մարզասերի մեջ մեծ է այս բռնցքամարտիկի, որպես մարզիկի, ընկալումը, նույնքան բացասական է նրա մարդկային որակների գնահատումը: Քիչ է ասել, թե հանդիսատեսը նրան չի սիրում: Ավելին` ատում է, սակայն ճակատագրի դառը հեգնանքով չի կարողանում նրա մասնակցությամբ մարտերը բաց թողնել, այդ մարտերին չներկայանալ:

Ինչո՞ւ:

Շատ պարզ պատճառով:

Գալիս է նրան ծնկած, քիթ-մռութը լխկված, արնաթաթախ տեսնելու, նրա պարտության հաճույքը վայելելու ակնկալիքով` դրա համար իր կողմից անելով հնարավորը` սուլելով, գոռալով, թունդ հիշոցներով աշխատելով նրան հունից հանել: Սակայն ամեն անգամ հեռանում է ակնկալիքները գործնականում տեսած չլինելու դառը հիասթափությամբ:

Որն է մարզասերի չափ ու սահման չճանաչող այս ատելության պատճա՞ռը: Լկտիության հետ մերձ բարեկամություն անող Մեյվեզերի ինքնահավանությունը, գոռոզամտությունը, մարտից շատ ավելի առաջ մրցակցին հրապարակավ պախարակելը, բարոյապես ոչնչացնելը, մարտի ընթացքում բոլոր հնարավոր նենգ քայլերի ու հնարքների դիմելը, սեփական գերազանցությունը դիմացինի աչքը խոթելը, բարձր ինքնագնահատականը, որն արտահայտվում է նաև իրեն թանկ ծախելով:

Վերջինիս հետ կապված` ընթերցողին տեղեկացնենք, որ Կոտտոյի հետ մենամարտելու համար նա երեսուներկու միլիոն գումար պահանջեց (չտեսնված ու չլսված բան քաշային այս կարգի մարզիկների համար) ու հասավ ուզածին, թեև, եթե մենամարտը նշանակված ժամկետում չանցկացվեր, մեխանիկորեն զրկվելու էր WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից:

Ի դեպ, հանուն այս մարտի կայացման, նրա նկատմամբ զարմանալիորեն ներողամիտ եղավ ամերիկյան արդարադատությունը, որն ամիսներ առաջ հետաձգեց պատժի կրումը (նախկին ընկերուհու հանդեպ բռնարարք թույլ տալու համար դատապարտվել է վեցամսյա ազատազրկման), ինչը, սակայն, ոչ մի կերպ չի նշանակում, որ բռնցքամարտիկը խուսափելու է պատժախցում հայտնվելուց: Այսպիսին են ժողովրդավարական պետությունների ու հասարակությունների օրենքները, և սրանում նախանձելու շատ բան կա:

Մինչև Կոտտոյի հետ մենամարտին անդրադառնալը, ավելորդ չհամարենք Մեյվեզերի առնչությամբ մի դիտարկում էլ անել, որ ընթերցողի մեջ սխալ պատկերացում չլինի մարզիկի իրական հնարավորությունների առնչությամբ, ինչը կարող է արտահայտվել «իսկ գուցե նրան ուժեղ մրցակիցնե՞ր բաժին չեն հասնում» հնարավոր հարցի տեսքով:

Ոչ: Դա այդպես չէ:

Մեյվեզերը մինչև հիմա, ինչպես արդեն հիշատակել ենք, հանդես է եկել երեք քաշային կարգում, երեքում էլ նրան ձեռնոց նետողները երեկվա տղաներ չեն եղել, ներկայացրել են մարզաձևի էլիտան: Պարզապես Մեյվեզերը եղել է մի գլուխ բարձր, և հավասարազոր մրցակից չունենալն է, թերևս, նրան դարձրել իր մարդկային կերպի մեջ այդքան ինքնահավան:

Արդ, կշարունակի՞ ամերիկացին այդպիսին էլ մնալ, թե՞ Պակեաոն նրան ցույց կտա խեցգետինների ձմեռելու տեղը, ժամանակը ցույց կտա, սակայն որ այս մարզիկներն ամեն կերպ առայժմ խուսափում են իրար հանդիպելուց, ակնհայտ է: Վերջերս հանդիպումը մի պահ թվաց չափազանց իրական, սակայն չգտնվեց և ոչ մի պրոմոութեր, ով կարողանար բավարարել Մեյվեզերի ֆինանսական ախորժակը, որը 50-60 միլիոն ամերիկյան դոլարի կարգի թիվ էր:

Ֆլոյդ Մեյվեզեր կրտսեր-Միգել Կոտտո դիմակայությունը պայքար էր առաջին միջին քաշային կարգում WBA վարկածով սուպերչեմպիոնության համար, որի զոհասեղանին մրցակիցները դրել էին WBC և WBA վարկածներով իրենց չեմպիոնական գոտիները: Կոտտոյի հետ մենամարտում, ով ընդգծված պանչեր է (երեսունյոթ հաղթական մարտից երեսունն ունեցել է նոկաուտային վերջաբան), Մեյվեզերը լիարժեք օգտվեց իր առավելությունից, որի բաղկացուցիչներից են նաև դիմանալու զարմանալի կարողությունն ու հրաշալի հիմքերի վրա կառուցված պաշտպանությունը: Տասը ռաունդ շարունակ ամերիկացին, դիմանալով հանդերձ, կարողացավ հակադարձել պուերտոռիկացու ցնցող հարվածներին` չեմպիոնական ռաունդներում առավելությունը վճռականորեն բեկելով իր կողմը: Այդ մասին համոզչորեն խոսում են նաև մրցավարների արձանագրությունները` 118:110, 117:111, 117:111:

Այսքանը` մենամարտի համառոտ տեղեկագրության առնչությամբ:

Սակայն մրցամարտից հետո գրանցվեց մի դեպք, որը չէր կարող անուշադրության արժանանալ, քանզի իսկապես նմանօրինակը չունի ամերիկացու մարզական կենսագրությունում: Մարտից հետո «նորին մեծությունն» անհրաժեշտ համարեց մոտենալ պուերտոռիկացուն ու շնորհավորել գերազանց մարտի համար: Ի՞նչ է սա, եթե ոչ հավուր պատշաճն արժանիին, արժանավորին մատուցելու դրսևորում: Իսկ գուցե այնքան էլ լկտի չէ այդ Մեյվեզեր կոչեցյալը, որքան կարծում են: Համենայն դեպս, Մեյվեզեր-Կոտտո պայքարում ճշմարտության այդպիսի մի պահ արձանագրվեց:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3387

Մեկնաբանություններ